Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված արժեքնե...

Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել  են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում, իսկ դեկտեմբերի առաջին շաբաթվա վերջին կայաններից ստացված տվյալների համաձայն՝ ցուցանիշները նվազում են:   

Այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր  պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով չափման սարքերից ստացված տվյալները:  

Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում: 

«2024 թվականի նույն ժամանակահատվածում PM 2,5-ը կազմել է 101, PM 10-ը՝ 53:

2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում: Իսկ անցած շաբաթվա վերջի՝ կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են»,- ասաց նա: