Երևանում «Mitsubishi»-ն բախվել է ՊՆ-ի «Kia»-ի...

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Kia» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

«Kia»-ն էլ առաջ ընթանալով բախվել է իր առջևով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքնայի:

Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Kia»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկներն ու քննչական բաժինը կարճ ժամանակում հայտնաբերել են վթարից հետո դեպքի վայրը լքած «Kia»-ի վարորդին, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը մեքենայով ներկայացել է դեպքի վայր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է: