Երևանում նոյեմբերի 18-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։
Ելույթ է ունեցել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա շնորհակալություն հայտնելով Հայաստանի ոստիկանությանը ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքներին։ Վալերի Սեմերիկովը հատկապես կարևորել է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային միջոցառումը, որի շրջանակում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր։
Վալերի Սեմերիկովի առաջարկությամբ խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Խրապովը։
Խորհրդի նիստում քննարկվել են 2022 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումների, «Կանալ» հակաթմրանյութային գործողության, ՀԱՊԿ հիմնական գործունեության պլանի կատարման մասին հարցեր։
Խորհրդի նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ։