
Երեւանը հույս ունի, որ ՀԱՊԿ առաքելությունը կարեւոր դեր կխաղա հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացման հարցում։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, ուրբաթ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպման ժամանակ։
«Այստեղ ձեր առաքելությանը հատուկ նշանակություն են տալիս, հույս ունեն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարեւոր դեր կխաղա իրադրության կայունացման, իրավիճակի հետագա սրումը կանխող քայլերի նախաձեռնման գործում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ հասարակությունը եւ տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում ուշադիր հետեւում են առաքելության աշխատանքին։ «Այստեղ հիշում են այն մասին, որ կազմակերպությունն առանցքային դեր խաղաց Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում այս տարվա սկզբին։ Կարեւոր նշում. Հայաստանն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում»,- նշել է դիվանագետը։
Կոպիրկինը հաջողություն է մաղթել առաքելությանը կոնկրետ արդյունքների հասնելու գործում։ «Դա, անկասկած, կաշխատի հօգուտ կազմակերպության հեղինակության ամրապնդման թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ տարածաշրջանում»,- ընդգծել է նա։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգութայն խորհուրդը ձեռք է բերել պայմանավորվածություն՝ Հայաստան ուղարկելու կազմակերպության առաքելությանը կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։ Առաքելությանը Հայաստան ուղարկելու առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։