
Օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:40-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:
Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ, բացի անձնական իրերից, նաև գումար է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է: