Երևանում ապօրինի շենք-շինությունների քանդման...

Երևանում ապօրինի շենք-շինությունների քանդման ընթացակարգերը որոշ փոփոխությունների են ենթարկվել։ Այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր այն դեպքերում, երբ համայնքային հողի վրա կառուցված շենք-շինությունների օրինականացման համար են դիմում և քաղաքապետարանը մերժում է, մենք համապատասխանաբար արդեն թողարկում ենք քանդման որոշումը։ Դա է արդյունավետ այն ճանապարհը, որպեսզի փուլ առ փուլ սկսենք քաղաքը մաքրել ապօրինի շենք-շինություններից։ Կան դեպքեր, երբ շինություններն օրինականացվում են։ Օրինակ՝ ունենք թաղամասեր, որտեղ կան 10-15 տարի առաջ կառուցված տներ, պահպանվել են կառուցապատման գծերը և այլն։ Այդտեղ իմաստ չունի քանդել։ Մարդը կատարում է կադաստրային նոր արժեքով վճարումն ու օրինականացնում է»,-պարզաբանեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ ապօրինի շինությունները կարող են խանգարել հետիոտնին՝ մայթերում, այգիներում, հանգստյան վայրերում՝ քանդվում են։ 

Բացի այդ, ապօրինի շինությունները քանդելու որոշումներ են կայացվում նաև պայմանավորված քաղաքապետարանի բարեկարգման ծրագրերով, մասնավորապես՝ խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ կամ կանաչապատ տարածք կառուցելու դեպքերում։

Քաղաքապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակական է լինելու և իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում։