
Երևանում 11 տարի գործող եկամտահարկի վերադարձի ծրագիրը կգնա մարզեր, հետո՝ 2029-ին, կդադարեցվի ամբողջ երկրում: Այն կպահպանվի միայն սահմանամերձ բնակավայրերում: Կառուցապատողները կոչ են անում չսառեցնել շինարարական դաշտը։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը:
30-ամյա Արմինե Կարապետյանը երկար ժամանակ փորձել է բարձր վարձատրվող աշխատանք գտնել, որ Երևանում հիփոթեքով տուն գնի: Նա էլ էր ցանկանում եռամսյակը մեկ պետությունից ստանալ իր եկամտահարկի մի մասը, բայց մինչև այդպիսի աշխատանք գտավ, ծրագիրը Երևանում դադարեց գործել:
«Ցավոք սրտի, արդեն Երևանում այդ օրենքն այլևս չի գործում, հիմա առաջարկում են մարզային տարբերակները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Երևանում հիփոթեքով բնակարան գնած քաղաքացիները եկամտահարկի վերադարձի ծրագրից սկսել են օգտվել 2014-ի նոյեմբերից, այն ավարտվեց այս տարի: Բայց այն կառուցապատողները, որոնք շինթույլտվություն են ստացել մինչև 2022 թվականը, դեռ կարող են այս ծրագրի շրջանակներում վաճառել իրենց բնակարանները: Արմինեն Երևանում գտել է այդպիսի մի քանի կառուցապատողի, ասում է՝ նրանց թիվը քիչ է, բայց գներն այլևս նախկինի պես մատչելի չեն:
«Եթե նախկինում կարող էի ինձ թույլ տալ օրինակ՝ 3 սենյականոց բնակարան նայել հեռավար նպատակների համար, հիմա նայում եմ երկու, նույնիսկ 1 սենյականոց բնակարան», - նշեց նա: