Երևանին մոտ որևէ մարզում նախատեսվում է կառավա...

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Երևանին մոտ որևէ մարզում կառավարական թաղամաս կառուցել, որտեղ կտեղակայվեն բոլոր պետական գերատեսչությունները՝ դուրս գալով Երևանի կենտրոնից։ 

Հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Կար գաղափար արդարադատության նախարարությանը վերաբերելի հիմնարկությունները, շենքերը, շինությունները տեղակայել մեկ վայրում, այնուհետև որոշում է կայացվել ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառուցել կառավարական թաղամաս։ Այսինքն՝ ոչ միայն Արդարադատության նախարարությունը, դատախազությունը կտեղափոխվեն, այլ բոլոր պետական գերատեսչությունները Երևանի Կենտրոնից դուրս կգան և կտեղափոխվեն քաղաքին մոտ, բայց իրականում՝ որևէ մարզում։ Սրա արդյունքում և՛ Երևանի կենտրոնը կբեռնաթափվի, և՛ այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք, ինչի արդյունքում էլ շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս առումով ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը։

«Կարծում եմ՝ այս տարի կունենանք կառավարական թաղամասի մոդելը»,-եզրափակեց Մինասյանը։