
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենու Պայանը ստորագրել են եղբայրական կապերի հաստատման մասին հռչակագիր։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ:
Այսօր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ միասին ստորագրեցինք եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։
Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։
Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում մենք ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու մարդակենտրոն քաղաքային միջավայր։
Հավատացած եմ, որ ստորագրված հռչակագիրը կդառնա հիմք մի ծրագրի, որը կբացառի ձևականությունը և կդառնա գործնական արդյունքների և փոխշահավետ նախագծերի հարթակ։
Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- գրել է Տիգրան Ավինյանը։