Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգը...

ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած  GIS օգտատերերի հեղինակավոր կոնֆերանսի մրցանակաբաշխությանը ներկայացված 100 հազար նախագծերից Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգն ընտրվել և դասվել է 78 լավագույնների շարքում։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ոլորտում առաջատար համարվող Esri-ի հիմնադիր և նախագահ Ջեք Դենջերմոնդի կողմից անձամբ է ստացել «Special Achievement in GIS» մրցանակը։

Նշենք, որ գործառույթների ավտոմատացման միջոցով ռեսուրսներ խնայելու և քաղաքացուն առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: 

Էլեկտրոնային քարտեզն էապես պարզեցնում, ավելի հասանելի ու թափանցիկ է դարձնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Այն նախատեսված է քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։

Ներկայում GIS  հարթակում, առցանց ռեժիմով, հավաքագրվում են տարբեր կառույցներից ու տվիչներից ստացված տվյալները: