Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց բազմաթիվ...

Երևանում կայացավ դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, 1000-ավոր հայ որբերին երկրորդ կյանք պարգևած Մարիա Յակոբսենի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ 

Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիրի 51-րդ փողոցն անվանակոչվել է Մարիա Յակոբսենի անվամբ։ 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շռայլություն է ունենալ անանուն փողոցներ, երբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունի նվիրյալներ և բարեկամներ, որոնցից մեկն էլ  Մարիա Յակոբսենն է: 

«Մենք կարևորում ենք անձանց, ովքեր ամենածանր պահերին եղել են հայ ժողովրդի կողքին: Մարիա Յակոբսենը այն անձանցից է, ով Ցեղասպանության տարիներին փրկել և կրթել է հազարավոր հայ մանուկների,  և սա, կարծում եմ, այն փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը կարող է և պարտավոր է տալ այդ մարդուն: Մենք պետք է հիշենք և մեր պատմության էջերում գրանցենք նման մարդկանց, որպեսզի մեր զավակներն ու թոռները նրանց ևս իմանան»,- նշեց Ավինյանը:

Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը նշեց, որ սա առաջին միջոցառումն է, որին մասնակցում է՝ որպես Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան: 

«Երեկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս նշել եմ, որ մեր հարաբերությունները կառուցելու ենք պատմական կապերի, բարեկամության հիմքերի վրա: Մարիա Յակոբսենը այդ բարեկամության խորհրդանիշն է: Հազարավոր հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկած միսիոներին կոչում էին Մամա Յակոբսեն»,- ասաց դեսպանը: 

Միջոցառմանը ներկա էին նաև Մարիա Յակոբսենի ժառանգները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, «Մարիա Յակոբսեն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, մտավորականներ և այլ պաշտոնական անձինք: