Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախ...

Երևանի 2022թ. բյուջեի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների, ինչպես նաև Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից: Նախքան այդ նրանք իրենց հարցերն ու առաջարկներն են ուղղել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ, այդ թվում առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, զբոսաշրջություն:

Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, նշել է, որ այն խնդիրները, որոնց կարգավորումը քաղաքապետարանի իրավասության շրջանակում է կդիտարկվեն և կներառվեն հետագա ծրագրերում:

Նշվել է նաև, որ զարգացման ծրագրով և բյուջեով առաջնահերթ ուղղություններն են մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների նորոգումն ու վերակառուցումը, վերելակների փոխարինումը, տրանսպորտային համակարգի բարեփոխումները, բակերի և հանգստի գոտիների վերականգնումն ու ստեղծումը, ջրահեռացման համակարգերի փոխարինումը, ճանապարհաշինությունն ու փողոցների բարեկարգումը: