
Երևանի 147 մանկապարտեզներում ձևավորվել է 975 խումբ՝ տարբեր տարիքի 27 հազար 351 երեխաների ընդգրկմամբ։
Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ հիմնանորոգված չորս մանկապարտեզներում, պայմանավորված հերթագրումների ցուցանիշներով, 6 հավելյալ խմբեր են բացվել։ Բացի այդ՝ ևս 4-ը բացվել է դեռ չհիմնանորոգված երկու մանկապարտեզներում, որոնք համապատասխանաբար հարմարեցվել են։
Խաչատրյանի տեղեկատվությամբ՝ 1-ական հավելյալ խմբեր կբացվեն Ավանի երեք մանկապարտեզներում։
Նա նշեց, որ հերթագրված ավագ տարիքային խմբի երեխաների 97 տոկոսը ներկայում համայնքային մանկապարտեզներ հաճախելու հասանելիություն ունի։
Մասնավորապես՝ 9205 հերթագրվածներից 8988-ն արդեն հաճախում է մանկապարտեզ։ Միջին տարիքային խմբում այդ ցուցանիշը կազմում է 94 տոկոս, կրտսեր երկրորդ տարիքային խմբում՝ 79 տոկոս, իսկ կրտսեր առաջին տարիքային խմբում՝ 25 տոկոս։