Երեք տարում ամուսնուս 10 օր եմ տեսել. ընտանիք...

Վանաձորցի Լուսինե Ներսիսյանը ապրում է 2 անչափահաս երեխաների, սկեսրոջ ու ամուսնու եղբոր հետ: Ամուսինը տարիներ առաջ է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Վերջին երեք տարում Հայաստան եկել է մեկ անգամ՝ տասը օրով: 

Երեխաները մանկապարտեզ են հաճախում՝ 3 և 5 տարեկան են: Հոր հետ տեսազանգով են շփվում: Լուսինե Ներսիսյանն ասում է՝ ընտանիքի միակ եկամուտը ամուսնու արտագնա աշխատանքն է: Հեռավորությանը ստիպված է հարմարվել՝ պետք է մի կերպ մեծացնեն երեխաներին: Վերջին մեկ տարում էլ իր ընտանիքի վրա որևէ փոփոխություն չի զգացել, հույսով ապրում ենք, ասում է:

Վանաձորում գործող տուրիստական գործակալության աշխատակիցը փաստում է սակայն, որ վերջին մեկ տարում ավելի քիչ են արտագնա աշխատանքի մեկնողները, անցած տարիներին ավելի շատ են եղել: Հիմնական երկիրը, ուր մեկնում են, շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Աշխատակցի խոսքով, այնուամենայնիվ, շատերը դեռ մտածում են, որ դրսում կյանքն ու ապրելակերպն ավելի լավ է: