«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կ...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 26-ին, բավարարել է «Էրեբունի պլազա» հյուրանոցում օրերս կրակոցներ արձակելու համար ձերբակալված անձի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։