Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի կազմում:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, թուրքական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինվորականներ ուղարկելու մանդատը օրենսդիրների կողմից հաստատվելու դեպքում մեկ տարով կերկարաձգվի 2023-ի նոյեմբերի 17-ից:
Էրդողանի ուղարկած փաստաթղթում ասվում է, որ միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, և Թուրքիան իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում:
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվել է 2021 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանի տարածքում։