Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Ընդհակառակը՝ գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ-ի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունն այդ թվում եղել է այն (և դուք դրա ակնարկը կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսանի նամակում), որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում, և նրան պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, սա նշանակում է, որ նաև ԼՂ-ի ադրբեջանական համայնքը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե գործող իշխանությանն առաջարկվել է փաստաթուղթ, որում նշվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը ոչնչով սահմանափակված չի լինելու, և որ Ղարաբաղի ժողովրդին ընտրության իրավունք է տրվելու:
«Իսկ, թե ԼՂ-ն ինչ կարգավիճակով կարող էր լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում՝ արձանագրված ԵԱՀԿ-ի՝ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ ԼՂ-ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով՝ եթե լավ առաջարկ էր, ապա պետք էր ժամանակին գնալ այդ լուծումներին:
«Եթե վատ առաջարկ է եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ է եղել, և հիմա, ի վերջո, նաև ամփոփելով, ուզում եմ ասել՝ 2019 թվականի փաստաթուղթն ինքնուրույն փաստաթուղթ չէ, այն ինձ չի ներկայացվել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների նոր առաջարկ: Որպեսզի դա ապացուցվի, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է՝ «Мы - президенты Азербайджана и Армении...»:
Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ: Այս փաստաթուղթը ներկայացվել է ինձ՝ իմ հարցումներին, իմ շեշտադրումներին ի պատասխան, որ, լավ, այսքան փաստաթուղթ կա, հիմա ո՞րն է ամփոփ նկարագրությունը ԼՂ հարցի բանակցային գործընթացի իմ՝ վարչապետ դառնալու պահին գոյություն ունեցած բովանդակությամբ»,- ասաց նա՝ եզրակացնելով, որ պատգամավորի՝ տեքստի մեկնաբանությունը կապ չունի բովանդակության հետ:
«Ես ոչ մի նոր բան, հարգելի՛ գործընկերներ, այս փաթեթի մասին չունեմ ասելու, որովհետև 2020 թվականից մինչև մի իքս պահը, ես ամեն ինչ ասել եմ, և այս փաթեթը, որը հրապարակված է, այն ընդամենը հիմնավորում է, ապացուցում է, որ այն, ինչ ես ասել եմ, ասել եմ՝ կոնկրետ փաստերի վրա հիմնվելով: Ի՞նչ ենք արել, սկսել ենք քննարկել, խորհրդակցել՝ հասկանալու բանակցային փաթեթի բովանդակությունը, և այդտեղ է եղել, որ ես տվել եմ հարցը և ստացել պատասխանը: Երբ համանախագահներին ասել եմ՝ մեկնաբանությունը՝ մեկնաբանություն, հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, և պատասխանն է՝ կարող է, եթե Ադրբեջանը համաձայնի»,- ասաց նա:
«Այն, ինչ Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը ներկայացնում էր որպես հաղթանակ՝ ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, դա նշանակում էր (և դա թղթերից ակնհայտ երևում է) ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում և առավելագույն զրոյից հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծում: Ինչի՞ չեք ասում դա: Դա այնքան ակնհայտ բան է, գրված է սևով սպիտակի վրա: Բացեք երրորդ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթը: Այն ժամանակ, երբ հայկական կողմը համաձայնել է ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, դա նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն նույն պահին չեղարկվել է հենց հայկական կողմից»,- ասաց նա:



