Երբ ընտրվենք, հողագործի աշխատանք կհամարվի ստա...

Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի քանակությամբ ջրային պաշարների կորուստ. Մայրաքաղաքում և մարզերում ջուրը սկսել են տալ ռեժիմով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14–ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ամռան տապին հաճախակի են դարձել ջրանջատումները։ Որոշ համայնքների բնակիչները ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր։ Տիրազուրկ խորքային հորերի ջուրն անխնա հոսում է հարևան երկրների համար դառնալով ռեսուրս։ Տարեկան կոնսերվացվում են շատ քիչ քանակությամբ խորքային հորեր, որոնք տիրազուրկ են և այդ ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործում։  Մինչդեռ Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք տասնյակ հազարների հասնող անջրդի, անմշակ հողատարածքներ»,–ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ վերջերս հարցում է ուղարկել տարածքային կառավարման նախարարությանը, ճշտելու համար արդյոք փոփոխություններ իրականացվել են այդ ահռելի հողատարածքները ոռոգելի դարձնելու համար. «Ինձ եկել է հետևյալ պատասխանը: Օրինակ, բերեմ իմ հայրենի Տավուշի մարզում պատկերը. 25394 հեկտար վարելահողից, ոռոգելի է ընդամենը 3690-ը։ Սա այն դեպքում, երբ նույն մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետության տարբեր մեր մարզերում ահռելի քանակությամբ ջրեր հոսում են հարևան երկրների տարածքները և ի վերջո այս խնդիրները չեն լուծվում։

Սա խոսում է հետևյալ պատկերի մասին, որ Հայաստանի կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն չունի, իսպառ բացակայության արդյունք է։

Դեռևս 2023 թվականին նաև բարձրաձայնել եմ Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մերձակայքում շուրջ 200 հեկտար անջրդի հողատարածքների մասին։ Գրավոր դիմել եմ ՏԿԵ նախարարությանը։ Պատասխանը ապշեցուցիչ էր. «ոռոգումը վերականգնելու համար անհրաժեշտ խողովակների ներքին ցանցի վերազինման ուղղված ֆինանսական ծախսերի նպատակահարմարություն չկա»։

Ահռելի հողատարածքներ նույն նոյեմբերյանի տարածքներում, որտեղ կարող էին լինել ձիթենու այգիներ և այլ այգիներ, փաստացի որևէ մի ձևով, որևէ մի կերպով ցանկություն չկա այս խնդիրը լուծելու։

Ամփոփելով խոսքս, արդարացի չէ, որ օր ու գիշեր բերք ու բարիք ստեղծող մեր հայրենակիցների աշխատանքը չի համարվում աշխատանքային ստաժ և մենք առաջարկել ենք և խոստանում ենք, որ մեր ընտրվելու պարագայում հողագործի աշխատանքը ևս համարվելու է աշխատանքային ստաժ»,–ասաց նա։