Երեկվանից Հայաստանում տրվեց քաղաքացիական մասշտաբային անհնազանդությունների մեկնարկը։ Նպատակը մեկն է՝ հեռացնել պարտված ղեկավարին իշխանությունից եւ տուն ճանապարհել թշնամու առաջ ծնկի իջած թիմին։ Ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս համատեքստում ամենից էական հարցը հետեւյալն է․ իսկ երբ հրաժարական կտա նա։ Որքան էլ այս պայքարում քաղաքացիական անհնազանդությունը լինի կարեւոր, եւ խթանող հանգամանք, սակայն Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ իշխանությունից կհեռանա ոչ թե անմիջականորեն անհնազանդությունների ճնշման ներքո, այլ օրինակ՝ Հայաստանի եւ Արցախի հովանավորությունը վերականգնած Ռուսաստանի ցուցումով։ Իսկ Ռուսաստանը կոնկրետ այս դեպքում, կարելի է արձանագրել, որ ունի որոշում, ինչի մասին անուղղակի ապացույցներ կան, որոնց մասին կխոսենք ստորեւ։
Նախ, եթե անկեղծ խոստովանենք, ապա Փաշինյանի իշխանությունը հիմա հասցված է նոմինալի կամ անվանականի։ Նույնիսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումը ամենայն հավանականությամբ կիրականացնի Ռուսաստանը, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը այս առնչությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել։
Երկրորդ, երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջին բավական զգույշ ձեւակերպումներով, սակայն միացավ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Մի փոքր ավելի վաղ էլ միացել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Եթե հասարակությունը չգիտի, ապա պետք է իմանա, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն այն անձն է, ով խնդրել էր Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, որպեսզի Դադիվանքի եւ Ղազանչեցոցի հարցով միջնորդի Պուտինի մոտ։ Միջնորդությունը կարծես թե ընդառաջվել է եւ Դադիվանքում հայկական ներկայությունը շարունակվում է մեր եկեղեցականների տեսքով եւ այն ռուս խաղաղապահների հսկողության տակ է անցել։
Եվ Գարեգին Բ-նբ եւ նրա եղբայրը՝ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ունեն ընդգծված ջերմ հարաբերություններ Ռուսաստանի կրոնական եւ ռազմաքաղաքական էլիտաների հետ։ Այս ամենով հանդերձ, Գարեգին Բ-ն նաեւ շատ դիվանագետ եւ զգուշավոր մարդ է եւ եթե նա էլ է միացել հրաժարականի պահանջին, ապա այդ առնչությամբ հաստատ խորհրդակցություններ ունեցել է եւ ծանրութեթեւ արել է։ Իսկ նման քայլի կարելի է գնալ միայն այն դեպքում, երբ հստակ գիտես, որ քեզ, քո երկիրը հովանավորող աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի կողմից կա նման որոշում։ Մնում է մյուս հարցը՝ իսկ երբ կլինի Փաշինյանի հրաժարականը։ Ամենայն հավանականությամբ՝ մինչեւ Բայդենի երդմնակալությունը, քանի որ աշխարհը Բայդենի երդմնակալությամբ նոր փոփոխությունների ակնկալիք ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի քաղաքական վերնախավի սորոսական հատվածը Բայդենի հետ կապված որոշակի հույսեր ունի։
Հիշեցնենք, բավական ակտիվ խոսակցություններ կան, որ Բայդենը Հիլարի Քլինթոնի կնքահայրն է, դեմոկրատների ֆինանսավորողներից մեկը, իսկ Հիլարի Քլինթոնը կարելի է ասել «Բայդենյան պերեստրոյկայի» գաղափարական կնքամայրն է։ Հետեւաբար, Մոսկվան թույլ չի տա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ փորձի «խաղեր տալ», երբ նախագահ դառնա դեմոկրատ Ջո Բայդենը եւ կամ կհեռացնի մինչ այդ, կամ էլ ամբողջապես նրան կվերածի քաղաքական անկարողունակ «դիակի», որպեսզի հանկարծ իր պլաններում, կապված Կովկասի սեփականաշնորհման հետ, «խութեր» չառաջացնի։



