Խաղաղության հաստատման դեպքում ո՛չ ուժի, ո՛չ դ...

Եթե ունենանք առաջընթաց, ստորագրենք, վավերացնենք Ադրբեջանի հետ համաձայնագիրը, և իսկապես կայուն խաղաղության նշաներ լինեն, իհարկե, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար, պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով: Այդ մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

«Այնտեղ մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծումը և Երևանի, և Բաքվի միջև, նաև տարբեր շրջաններում կարողության նպաստմանը: Կարծում եմ՝ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք»,-ասաց նա:

Հարցին՝ Երևանը վստա՞հ է, որ Բաքուն չի պահանջելու նրանց առհասարակ հանել  Հայաստանից, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Գիտեք, այժմ ոչ մի բանի մեջ լիարժեք վստահություն չենք կարող ունենալ, բայց եթե խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյո՞ք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինել նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։

Ուժ ասելով, այո, սովորաբար խոսքը ռազմական ներկայության մասին է։ Հիմա ինչքանով է սա ուժ համարվում, սա էլ քննարկման թեմա է:

Ինչպես ԱԳ նախարարը ասեց, խաղաղության հաստատման դեպքում բնական է ոչ ուժի, ոչ դիտորդական առաքելության ներկայություն, կարող է և կարիք չլինի»:

Անդրադառնալով նրան, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը միակողմանի ստորագրի համաձայնագիրը, ԱԳ փոխնախարարը հստակեցրեց. «Վարչապետը շատ պարզ հայտարարեց վերջին հարցազրույցում, որ նա ասում էր իր պատրաստակամության մասին, միակողմանի ստորագրման մասին խոսք չէր գնում»: