Մենք ունենք կարգավորումներ թե մոպեդների մասով, թե ինքնագլորների, թե հեծանիվների մասով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքացիները մտահոգություն են հայտնում, որ մոպեդները և սկուտերները վարում են մայթերով։
«Հիմա առավելապես մայթերին կարող եք տեսնել այդպիսի միջոցներ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ օրենքի եթե երթևեկության աջակողմյան գծում հնարավորություն չունի տվյալ միջոցը տիրապետող անձը անվտանգ երթևեկելու, ապա նման պայմաններում թույլատրելի է մայթով երթևեկությունը։ Արդեն առաջիկայում, երբ երթևեկության մասով մեր լուծումներն իմպլեմենտացնենք, շատ ավելի լավ իրավիճակ կունենանք այս մասով։
Մայթով վարելը որպես վերջին միջոց է ծառայում, այլ ոչ թե առաջնային միջոց։ Հիմնականում նախազգուշացում ենք կիրառում այն անձանց մասով, որոնք հնարավորություն ունեն երթևեկության գոտին օգտագործելու, բայց մայթով են վարում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է կենդանիների պաշտպանության մասով ահազանգերի դեպքում ոստիկանների անտարբերությանը, նախարարն ասաց. «Կենդանիների պաշտպանության մասով որպես կանոն ոստիկանության վարքագիծը շատ ակտիվ է լինում։ Վերջերս մի միջադեպ տարածվեց համացանցում, այդ գործով նաև ձերբակալված անձինք ունենք։ Երբ կա իրավիճակ, ոստիկանության վարքագիծը շատ ռելեվանտ ու կոռեկտ է, ընդհուպ գնում ենք մինչև ձերբակալության, եթե կա գործողություն, որը հանցագործության տարրեր իր մեջ ունի։ Եթե կան առանձին դեպքեր, դրանք պատրաստ ենք քննարկել»։



