Էր Ռիադում կայացել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությ...

Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բանակցություններ են անցկացրել ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի շուրջ։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը բանակցությունները որակել է որպես արդյունավետ։

«Մենք ավարտել ենք մեր հանդիպումը ԱՄՆ թիմի հետ։ Քննարկումն արդյունավետ էր և նպատակային. մենք քննարկել ենք առանցքային հարցեր, այդ թվում՝ էներգետիկային առնչվող: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի նպատակն է ապահովել արդար և տևական խաղաղություն մեր երկրի և մեր ժողովրդի, հետևաբար նաև՝ ողջ Եվրոպայի համար։ Մենք աշխատում ենք այդ նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ», - գրել է Ումերովն X սոցիալական հարթակում։

Քննարկումները տևել են մոտ հինգ ժամ՝ ընդմիջումով։ 

Ումերով չի հստակեցրել՝ արդյոք մարտի 24-ին նոր հանդիպումներ նախատեսվում են, թե ոչ։

Մինչ բանակցությունների մեկնարկը Ումերովը հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակության կազմում «ընդգրկված են էներգետիկայի ոլորտի փորձագետներ, ինչպես նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ մարտի 24-ին Էր Ռիադում Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ կանցկացվեն ռուսաստանցի և ամերիկացի փորձագետների միջև։