ԵՆԲ-ն 236 մլն եվրո վարկ կտա՝ Սիսիան-Քաջարան հ...

Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) Հայաստանի հետ ստորագրել է շուրջ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարեւորագույն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար։ Այս նախագիծը կոչված է փոխելու իրերի դրությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ զգալիորեն բարելավելով տրանսպորտային կապը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ:

ԵՆԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այս ենթակառուցվածքի կլիմայակայուն հատվածը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը՝ ի հաշիվ ճանապարհորդության հեռավորությունների, տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի եւ ճանապարհային պատահարների կրճատման: Ճանապարհային անվտանգության բարելավումը նախագծի հիմնական առանձնահատկություններից եւս մեկն է, որն ավելի անվտանգ եւ արագ երթուղիներ կառաջարկի ճանապարհորդներին եւ ապրանք փոխադրողներին: Նախագիծը կհեշտացնի մուտքը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներ եւ կնպաստի ՀՀ պակաս միակցված մարզի՝ Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Այս փոխակերպիչ ծրագիրը կդառնա տարածաշրջանի տրանսպորտային ցանցի հիմնական զարկերակը, որը Հայաստանին կապահովի դեպի գլոբալ շուկաներ ավելի լավ հասանելիությամբ եւ կօգնի ձեւավորել ավելի փոխկապակցված եւ դիմակայուն ապագա։ Սա ԵՆԲ-ի եւ Հայաստանի միջեւ երբեւէ ամենախոշոր ֆինանսական պայմանագիրն է։ Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին, որը կնպաստի կայունությանը, կխթանի տնտեսական դիմակայունությունը եւ կամրապնդի կապը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ», - նշել է ԵՆԲ-ի փոխնախագահ, Հայաստանում բանկի գործունեության պատասխանատու Թերեզա Չերվինսկան։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Այս ծրագիրը Հայաստանի համար ԵՄ Տնտեսական եւ ներդրումային ծրագրի (EIP) շրջանակներում «Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ իրականացվող աջակցության եւս մեկ օրինակ է։ Կլիմայի փոփոխության եւ ճանապարհային անվտանգության թիրախների նկատմամբ պատշաճ խոհեմությամբ կայուն ներդրումներ իրականացնելու նպատակով  ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում ֆինանսական միջոցների հետագա մոբիլիզացումն առանցքային սկզբունքներից է շարունակում մնալ՝ հաշվի առնելով, որ մենք մշակում ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր հավակնոտ օրակարգը»։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, իր հերթին, նշել է. «Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական աճի համար, կամրապնդի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային միակցվածությունը, կբարելավի տրանսպորտային անվտանգությունն ու արդյունավետությունը եւ վճռորոշ դեր կխաղա երկրի ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն նպատակների առումով»։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵՆԲ-ին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագրին մասնակցելու համար. «Այս ճանապարհատվածը կարեւոր մաս է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, որը նպատակ է հետապնդում ապահովել կայուն կապակցվածությունը եւ այսպիսով նաեւ համագործակցությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում»։

Որպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության եւ Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի դրոշակակիր նախագիծ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը կնպաստի տնտեսական աճին, տարածաշրջանային անվտանգությանը եւ շրջակա միջավայրի կայունությանը: Այն նաեւ կդառնա Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային օղակը: