Էմին Երիցյան. Չի կարելի ձգձգել նորընտիր ավագա...

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով հոկտեմբերի 17-ին կայացած  ՏԻՄ ընտրություններից հետո ավագանիների չգումարվող նիստերին, գրում է.

«Համայնքներում ընտրակարգի փոփոխության առաջնային նպատակը ներկայացուցչական մարմնի՝ ավագանու ինստիտուտի կայացումն է, որպես կոլեկտիվ, արդյունավետ ու համերաշխ գործող մարմին։

Ընդհանուր մթնոլորտն այնպիսին է, որ բոլորը հին իներցիայով սևեռվել են համայնքի ղեկավարի պաշտոնը ձեռքգցելու նպատակի վրա՝ լավ չպատկերացնելով, որ խաղի կանոնները փոխվում են։ Դա ավելի ակնառու կլինի ավագանու լիազորությունների մասով օրենսդրության համապատասխանեցումից հետո։

Առաջադրված քաղաքական թիմերին կոչ եմ անում նախընտրական շրջանում ավելի շատ կենտրոնանալ ծրագրերի ու համայնքների զարգացման տեսլականների վրա, քան իրենց ցուցակի առաջին համարի առաջմղման։

Պետք չէ նախընտրական շրջանում արգեսիվ բառապաշարի անցնել, սև PR անել, պատվերով հոդվածներ հրապարակել՝ այդ ամենը հակադարձվելու ու անդրադառնալու է հետընտրական տարիների վրա՝ թունավորելու է ավագանու 5-ամյա կոլեկտիվ գործունեությունը։

Նույն կերպ հասկանալի չէ 50%+1 չստացած որոշ քաղաքական ուժերի կողմից ամեն գնով համայնքային կառավարումը վերահսկելի պահելու ջանքերը։ ՏԻՄ-երն իրենց լիազորությունների շրջանակներում ու դրանք իրացնելիս միշտ լոյալ են լինում կենտրոնական իշխանության նկատմամբ։
Այսօրվա անկատար կուսակցական համակարգի պայմաններում կանխատեսելի էր, որ համայնքներից շատերում կոտորակված ներկայացուցչություն է լինելու։ Դա ենթադրում է, որ ոչ-ագրեսիվ ու մրցակցային քարոզարշավ է պետք տանել՝ հետընտրական կոալիցիաների ձևավորման հնարավորություն թողնելու համար։

Չի կարելի ձգձգել նորընտիր ավագանիների առաջին նիստերը։ Դա նեգատիվ երևույթների հիմք է դառնում։

Չի կարելի օրենսդրությունն ընտրողաբար կիրառել համայնքից համայնք։ Դա իրավական նիհիլիզմի ու կամայականության տարածման վատ օրինակ է դառնում»։