
Եմենի Առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Սանայում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի։
Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Օգոստոսի 24-ին Իսրայելը մի շարք օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին՝ ռմբակոծելով Հազիզ էլեկտրակայանը և նավթային ընկերություններից մեկի կայանը։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինվորականները թիրախավորել են Սանայի տարածքում գտնվող հութիների օբյեկտները։
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում են իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի վրա։
Հարձակումները դադարել էին 2025 թվականի հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են Կարմիր ծովում իսրայելական նավերի, ինչպես նաև Իսրայելի տարբեր շրջանների թիրախավորումները՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։