Եմենում ամերիկա-իսրայելական ուժերի կողմից ցեմ...

Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Հոդեյդայի նահանգում գտնվող Բաջիլ ցեմենտի գործարանի թիրախավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, իսկ վիրավորներինը՝ 42-ի։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ կան անհետ կորածներ, և քաղաքացիական պաշտպանության ու շտապօգնության խմբերը դեռևս աշխատանքներ են տանում հրդեհները մարելու և զոհերին որոնելու համար։

Հութիների առաջնորդներից Նասր ադ-Դին Ամերը զգուշացրել է միջազգային ավիաընկերություններին «չթռչել դեպի օկուպացված Պաղեստինի որևէ օդանավակայան, քանի որ դրանք կարող են ցանկացած պահի թիրախ դառնալ Եմենի զինված ուժերի կողմից»։

Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, Իսրայելը Միացյալ Նահանգների հետ մի քանի ավիահարված էր հասցրել Հոդեյդայի նավահանգստին և նույն նահանգում գտնվող Բաջիլ ցեմենտի գործարանին՝ «ի պատասխան Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա հութիների հարձակման»։

Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Հոդեյդա քաղաքին հասցված ավիահարվածները։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր և Արաբական ծովերում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: