
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը թիրախավորել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող «Al Masirah» հեռուստաալիքը։
Եմենի զինված ուժերի պաշտոնական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարության մեջ պարզաբանել է, որ հրթիռային ուժերը երկու բալիստիկ հրթիռներով ռազմական գործողություն են իրականացրել «օկուպացված Յաֆֆա շրջանի Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանի դեմ»։ Նա նշել է, որ հրթիռներից մեկն ուղիղ հարվածել է օդանավակայանին, և որ որսացող համակարգերը չեն կարողացել կալանել այն։
Նա նշել է, որ ի աջակցություն պաղեստինցիների իրականացված գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ բազմաթիվ իսրայելցիների ստիպելով փախչել ապաստարաններ և դադարեցնել օդային երթևեկությունն օդանավակայանում։
Հոդեյդայի վրա իսրայելական հարձակմանն ի պատասխան՝ Եմենի զինված ուժերը զգուշացրել են տարբեր ընկերությունների և կազմակերպությունների չառնչվել իսրայելական Հայֆայի նավահանգստի հետ՝ պարզաբանելով, որ նավահանգիստն այժմ ներառված է թիրախային օբյեկտների ցանկում։
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Եմենից նոր հրթիռային հարձակման մասին, որի կապակցությամբ հրեական պետության մի շարք շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։