
Եվրոպական միության երկրների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին վերջ դնելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ»։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Արդար և երկարատև խաղաղությունը, որը կայունություն և անվտանգություն է բերում, պետք է հարգի միջազգային իրավունքը, ներառյալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, իսկ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով», - նշված է հայտարարության մեջ։
Նրանք շեշտել են, որ ուկրաինացիները պետք է իրենք որոշեն իրենց ապագան, և որ Ուկրաինայի ուղին դեպի խաղաղություն «չի կարող որոշվել առանց Ուկրաինայի»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում ՌԴ ծավալած պատերազմն ավելի լայն հետևանքներ ունի եվրոպական և միջազգային անվտանգության համար։
«Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը», - նշված է հայտարարության մեջ։
ԵՄ երկրների ղեկավարները նշել են նաև, որ ԱՄՆ-ի և գործընկերների հետ միասին կշարունակեն աջակցությունը Կիևին, ինչպես նաև կշարունակեն պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ։
«Եվրոպական միությունն ընդգծում է Ուկրաինայի անքակտելի իրավունքն՝ ընտրելու սեփական ճակատագիրը, և կշարունակի աջակցել Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին», - եզրափակել են ԵՄ ղեկավարները։
Կից ծանոթագրության մեջ նշվում է, որ Հունգարիան չի միացել այս հայտարարությանը։