ԵՄ նավահանգիստները դադարեցնում են ռուսական գա...

Եվրամիության երկրների նավահանգիստներին մարտի 26-ից արգելված է Ռուսաստանում արտադրված կամ այնտեղից արտահանված հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխաբեռնման ծառայություններ մատուցել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այդ պատժամիջոցները սահմանվել են 2024 թ. հունիսին, բայց մինչև 2025 թ. մարտի 26-ը տարկետում էր տրվել մինչև 2024 թ. հունիսի 25-ը կնքված պայմանագրերի կատարման համար։ 

Նաև արգելված է տեխնիկական աջակցության, միջնորդական ծառայությունների մատուցումը, փոխաբեռնման ֆինանսավորումը կամ ֆինանսական աջակցությունը:

ԵՄ երկրների իշխանությունները կարող են թույլատրել ռուսական ՀԲԳ-ի փոխաբեռնման ծառայությունները, եթե այն անհրաժեշտ է միության անդամ երկիր փոխադրելու համար և կօգտագործվի նրա էներգետիկ ոլորտի ապահովման համար։

Փոխաբեռնման ամենախոշոր հայտնի պայմանագիրը կնքվել է «Յամալ ՀԲԳ»-ի (մտնում է «ՆՕՎԱՏԷԿ»-ի կազմի մեջ) և Բելգիայի Fluxys-ի միջև: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ընկերությունը, հատուկ «Յամալ ՀԲԳ»-ի կարիքների համար կառուցված գազամբարը՝ 180 հազար խորանարդ մետր ծավալով, թույլ կտա տարեկան փոխաբեռնել մինչև 8 մլն տոննա յամալյան ՀԲԳ: «Յամալ ՀԲԳ»-ն սկսել է գազամբարն օգտագործել Բելգիայի Զեբրյուգե տերմինալում ՀԲԳ-ի փոխաբեռնման համար 2019 թվականին 20 տարով կնքված համաձայնագրի շրջանակներում: