ԵՄ-ն շտկում է Ռուսաստանի դեմ նավթային պատժամի...

Եվրահանձնաժողովն առաջարկել է փոփոխություններ կատարել ռուսական նավթի էմբարգոյի ծրագրում՝ Հունգարիային, Սլովակիային եւ Չեխիային ավելի շատ ժամանակ տրամադրելու էներգակիրների մատակարարումների փոփոխություններին նախապատրաստվելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ երեք աղբյուրներին։

Եվրահանձնաժողովն առաջարկել է էմբարգո սահմանել ռուսական նավթի ներկրման վրա՝ որպես Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մաս։ Սակայն Հունգարիան եւ մյուս անդամ երկրները հայտարարել են, որ իրենց անհանգստացնում է այդ միջոցի ազդեցությունը սեփական տնտեսության վրա։

Վերանայված առաջարկը, որը ԵՄ պաշտոնյաները քննարկել են ուրբաթ առավոտյան, սակայն համաձայնության չեն եկել, կօգնի երեք երկրներին արդիականացնել իրենց նավթային ենթակառուցվածքները, ասել են աղբյուրները:

Ավելի շատ քննարկումներ են սպասվում ուրբաթ օրը եւ, հնարավոր է, հանգստյան օրերին, ավելացրել են աղբյուրները՝ անանունության պայմանով:

Դիվանագետները նշել են, որ բանակցությունները բարդ էին, սակայն շատերը վստահություն են հայտնել, որ ԵՄ բոլոր 27 կառավարությունները կարող են կոնսենսուսի հասնել մինչեւ հաջորդ շաբաթ։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհրավիրի ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ, եթե մինչեւ հանգստյան օրերը համաձայնություն ձեռք չբերվի։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն  ավելի վաղ ասել է, որ Հունգարիայից կպահանջվի հինգ տարի եւ հսկայական ներդրումներ, որպեսզի փոխի իր ներկայիս համակարգը, որն իր նավթի մոտ 65 տոկոսն ստանում է Ռուսաստանից: