ԵՄ-ն պատրաստվում է միջամտել Հայաստանի ընտրութ...

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

Ով չգիտի, հիշեցնենք, որ Մոլդովայում երկու կուսակցություն ուղղակի դուրս նետեցին ընտրություններից (մեկին չգրանցելով, մյուսին` արդեն կուսակցության անունը տպված քվեաթերթիկներում առկա լինելու պարագայում), իսկ ընտրությունների արդյունքը որոշվեց Եվրոպական Միության երկրներում ապրող մոլդավացիների աննխադեպ «ակտիվ» քվեարկության շնորհիվ: Հիշեցնենք նաև, որ Մոլդովայի հարևան Ռումինիայի ընտրություններում ընդհանրապես չեղարկեցին նախագահական ընտրությունները այն բանից հետո, երբ թեկնածու Ջորջեսկուն ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին տուրում: Եվ Մոլդովայում, և Ռումինիայում նման գործողությունները «հիմնավորվեցին» նրանով, որ իբր վերոհիշյալ քաղաքական ուժերը ֆինանսավորվել են Ռուսաստանի կողմից: Որեևէ լուրջ ապացույց այդպես էլ չներկայացվեց, իսկ Ռումինիայի դեպքում որոշումը կայացվեց երկրի անվտանգության ծառայության տեղեկանքի հիման վրա, որը հետագայում նույն այդ ծառայությունը սխալմունք համարեց: Եվրոպան, սակայն աչք փակեց հակաժողովրդավարական այդ քայլերի վրա, ինչի համար, ի դեպ, արժանացավ Թրամփի վարչակազմի սուր քննադատությանը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մասնավորապես, Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ մեղադրեց Եվրոպային ժողովրդավարական նորմերի ոտնահարման, գրաքննության և այլախոհության ճնշման մեջ: