ԵՄ-ն պատրաստվում է զգուշացնել իր անդամ երկրներին վաղաժամ չփակել ատոմակայանները, քանի որ Եվրոպան ավելացնում է էլեկտրաէներգիայի մատակարարումն՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին նշված է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը լուծելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկների նախագծում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ:
Ըստ գործակալության՝ Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 22-ին կհրապարակի էներգակիրների գների աճը փոխհատուցելու միջոցառումների փաթեթ։
Reuters-ի տրամադրության տակ հայտնված նախագծով կառավարությունների համար տարբեր միջոցառումներ են սահմանվում՝ «հրատապ օգնություն» տրամադրելու համար։
Ըստ փաստաթղթի՝ երկրները պետք է փորձեն ժամանակից շուտ շահագործումից չհանել էլեկտրաէներգիայի արտադրության ակտիվները, ինչպիսիք են գործող միջուկային կայանները, որոնք «կարող են շարունակել մատակարարել հուսալի, մատչելի և քիչ արտանետումներով էլեկտրականություն»։ Նաև նշվում է, որ սա կարող է օգնել զսպել հանածո վառելիքի պահանջարկը ջեռուցման և արդյունաբերության համար։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրոպայի ատոմային էներգիայի հատվածի կրճատումը «ռազմավարական սխալ է»։
ԵՄ-ում էներգիա ամենաշատ օգտագործող Գերմանիան 2011 թվականի Ֆուկուսիմայի աղետից հետո հանրային դիմադրության և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով աստիճանաբար դադարեցրել է ատոմային էներգիայի արտադրությունը։ Երկրի վերջին ռեակտորը փակվել է 2023 թվականին։
Իսպանիան նախատեսում է սկսել իր միջուկային ռեակտորների փակումը 2027 թվականին, չնայած էներգետիկ ընկերությունները խնդրել են երկարաձգել փակվելու ենթակա առաջին ռեակտորի կյանքի ժամկետը։
ԵՄ այլ անդամներ, այդ թվում՝ Բելգիան և Նիդեռլանդները, վերջերս չեղարկել են ատոմային էներգիայից հրաժարումը, քանի որ ձգտում են ապահովել կայուն, ցածր ածխածնային էներգիայի մեծ քանակություն։



