Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն: Այս մասին գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն»,- գրել է Բորելը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։



