ԵՄ-ն հավանություն է տվել Ուկրաինային 35 միլիա...

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները, հայտնել են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից։ Այժմ որոշումը պետք է վավերացնի Եվրախորհրդարանը, որից հետո այն պաշտոնապես կհաստատվի։

«Աջակցությունն ուղղված է Ուկրաինայի հրատապ ֆինանսական կարիքների անհապաղ բավարարմանը, որոնք ավելացել են ռուսական ագրեսիայի ուժեղացման պատճառով»,-նշել են Խորհրդում։ Սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է ԵՄ-ի վարկն ուղղել հակաօդային պաշտպանությանը, էներգետիկ ոլորտին, ռմբապաստարանների կառուցմանը և երկրի ներսում զենքի արտադրությանը։

35 միլիարդ եվրոյի վարկը ԵՄ-ի ներդրումն է G7 երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի նախաձեռնությանը՝ Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու համար: Կիևը կստանա գործողությունների առավելագույն ազատություն՝ դրանց օգտագործման համար։ Սպասվում է, որ Ուկրաինան կսկսի դրանք ստանալ 2025 թվականին։

Ըստ G7-ի ծրագրի՝ յուրաքանչյուր դաշնակից Ուկրաինային վարկ տրամադրելու գումարը աստիճանաբար կմարվի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթից: Վարկի մարման առավելագույն ժամկետը 45 տարի է։

Միաժամանակ ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայման և երկարաձգման ժամկետը 6 ամսից 36 ամսով ավելացնելու շուրջ։ Հունգարիան դեմ է դրան։ Միջոցառումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի վարկային մասնաբաժինը մեծացնելու համար։ Ըստ Վաշինգտոնի, դա կապահովի, որ ԵՄ-ի մեկ երկիր չկարողանա ցանկացած պահի արգելափակել պատժամիջոցների երկարաձգումը, ապասառեցնել ռուսական ակտիվները և ձախողել ամբողջ նախագիծը: Ի վերջո, եթե այդ եկամուտները դադարեն հասանելի լինել, Արևմուտքը ստիպված կլինի վարկերը վճարել իր հաշվին։

Հունգարիայի ֆինանսների նախարար Միհալի Վարգան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայման ժամկետի երկարաձգման հարցը պետք է որոշվի նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ ընտրություններից հետո։