ԵՄ-ն Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փո...

Մեծ պատիվ է ինձ համար հայտարարել, որ մենք Հայաստանի համար Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն ենք հատկացնում: Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կաջակցի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում ներդրումներին: Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Սա վկայում է Հայաստանի՝ հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու, նաև ձեր հստակ հանձնառության մասին՝ բարեփոխումներ իրականացնելու կարևոր ոլորտներում»,- ասաց նա:

Կոսը տեղեկացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել նաև՝ մեկնարկելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն լայնածավալ ծրագրերն իրականացնելու համար:

«Քաղաքական երկխոսությունը լինելու է հարթակ՝ աշխատելու միասին մեր «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում: 2021-ից ի վեր մենք արդեն մոբիլիզացրել ենք ավելի քան 2,5 մլրդ եվրո ներդրումներ, մենք կարող ենք անել ավելին»,- ասաց նա: