Եվրամիությունը չի էվակուացնի իր դիվանագետներին Կիևից և, ընդհակառակը, կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ նախազգուշացումը Կիևից արևմտյան դիվանագետներին էվակուացնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն անփոփոխ կպահպանի իր դիվանագիտական ներկայությունը Կիևում: Ընդհակառակը, ԵՄ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը»,- ասել է Հիպերը:
Նա հավելել է, որ Եվրամիությունը մտադիր է փորձել պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են ոչ ռազմական թիրախների վրա հարձակումների համար։
Հիպերը նաև հայտնել է, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի առաքելության ղեկավարին՝ նրան Եվրամիության այս դիրքորոշումը հասցնելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել էր, որ Ստարոբելսկին Ուկրաինայի զինված ուժերի հարվածը լցրել է համբերության բաժակը, և Ռուսաստանի զինված ուժերն անցնում են համակարգված հարվածների ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ներառյալ՝ ԱԹՍ-ների նախագծման, արտադրության, ծրագրավորման և կիրառման նախապատրաստման կոնկրետ վայրերին, որոնք կիևյան ռեժիմն օգտագործում է ՆԱՏՕ-ի մասնագետների աջակցությամբ, ովքեր պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախավորման համար։ Հարվածներ են հասցվելու նաև որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարական կետերին։
ՌԴ ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին լքել Կիևը, իսկ տեղի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական օբյեկտներին։



