
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անվանել է ազատ և ժողովրդավարական։
Օրբանը երեքշաբթի օրը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ ուշադիր հետևում է վրացական ընտրությունների արձագանքին՝ նշելով, որ ոչ ոք չի համարձակվել ասել, որ դրանք ժողովրդավարական չեն։
«Հունգարիան ևս ուղարկել էր իր դիտորդներին։ Ես ուսումնասիրել եմ նրանց զեկույցը, և բոլոր ասպեկտները եղել են դրական, իսկ ընտրություններն անցել են ազատ ու ժողովրդավարական։ Ոչ ոք չի ուզում սեփական երկրի կործանումը... Ուստի մենք հասկանում ենք վրացի ժողովրդի կայացրած որոշումը, ով ընտրություն է կատարել խաղաղության ուղղությամբ։ Վրացի ժողովուրդը ընտրել է խաղաղությունը, եվրոպական ընտրություն է կատարել»,- ասել է Օրբանը։
Ինչ վերաբերում է Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ Բրյուսելի քննադատությանը, Հունգարիայի վարչապետը խորհուրդ է տվել վրացական իշխանություններին ուշադրություն չդարձնել դրա վրա։ Ըստ նրա՝ ԵՄ-ում դա միշտ լինում է, երբ ցանկացած երկրում պահպանողական կուսակցություն է հաղթում, և դա եղել է նաև Հունգարիայի դեպքում։
Միևնույն ժամանակ, Օրբանը ծիծաղելի է անվանել այն պնդումները, թե Վրաստանը հեռացել է եվրոպական կուրսից. Նա վստահություն է հայտնել, որ տասնամյակի վերջում Վրաստանը պատրաստ կլինի դառնալ Եվրամիության անդամ։