ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներն ապրիլի 23-24-...

ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներն ապրիլի 23-24-ը կհավաքվեն Կիպրոսում՝ քննարկելու Իրանում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, ավելի լայն անվտանգային հարցեր, ինչպես նաև Եվրամիության բյուջեն։

Ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«ԵՄ առաջնորդները կհանդիպեն Կիպրոսի Լեֆկոսիա և Այա Նապա քաղաքներում՝ սկսած ապրիլի 23-ի երեկոյից։ Հանդիպման ընթացքում նրանք կկենտրոնանան հետևյալ հարցերի վրա՝ աշխարհաքաղաքական իրադրությունն ու դրան Եվրոպայի արձագանքը, ինչպես նաև  2028-2034 թվականների բազմամյա ֆինանսական շրջանակային ծրագիրը»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Գագաթնաժողովի երկրորդ օրը Եվրոպայի ղեկավարներին կմիանան Մերձավոր Արևելքից ժամանած տարածաշրջանային գործընկերները՝ աշխատանքային ճաշի համար, որտեղ «կքննարկվեն տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ընդհանուր խնդիրները և համագործակցության նոր հնարավորությունները»։

Նշվում է, որ մասնավորապես անդրադարձ է կատարվելու Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպայի ջանքերին, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը, ինչպես նաև էներգակիրների գնաճի հարցին։

Անդրադառնալով ԵՄ-ի 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեի քննարկմանը՝ կառույցի հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդակցությունների նպատակն է «ԵՄ-ի հավակնությունները համաձայնեցնել ֆինանսավորման համապատասխան մակարդակին»։