ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւն օրերս հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը․ «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռեւանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

Մեզ չհաջողվեց լուրը պաշտոնապես ճշտել, քանի որ ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ դիտորդական առաքելությունից որեւէ հարցի պատասխան ստանալ հնարավոր չէ։ Նշենք, որ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ին՝ 2 տարի ժամկետով, 2025-ի փետրվարին լրանում է նրանց ժամկետը, եւ եթե ՀՀ իշխանությունները երկարաձգման դիմում չներկայացնեն, ապա առաքելությունը կավարտվի։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ թերեւս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ քայլ առաջ ընկնելով, հայ-իրանական սահմանից հանեց ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն ռուսամետության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 16․ 10․ 24 թ համարում։