ԵՄ առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջան...

Հայաստանը ողջունում է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի կողմից ԵՄ դիտորդական առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշումը։ Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,–գրել է Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ յուրաքանչյուր պետության աջակցությունն ու մասնակցությունը տեղում:

Եվրամիության խորհուրդը մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը։  

Հունվարի 29-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն էին տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշմանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին։  Առաքելությունը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպատակն է  նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։