ԵՄ առաջնորդները գագաթնաժողովում քննարկելու են, թե ինչպես ստիպել Հունգարիային հաստատել Ուկրաինային տրամադրվող վարկը: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր պայմանագրերում կա դրույթ այն մասին, որ մենք համագործակցում ենք բարեխղճորեն, և սա ակնհայտորեն այդ դեպքը չէ։ Սակայն մեզ համար հարցն այն է, թե ինչպես կարող ենք փաստացի ստիպել Հունգարիային կատարել այն համաձայնագիրը, որը մենք կնքել ենք դեկտեմբերին»,- ասել է Կալասը ԵՄ գագաթնաժողովից առաջ։
Հիշեցնենք, որ Ուկրաինան հունվարի 27-ին դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Սլովակիա և Հունգարիա՝ պատճառաբանելով դրա վնասված լինելը։ Ի պատասխան՝ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինային, իսկ այնուհետև արգելափակել է 90 միլիարդ եվրոյի վարկը և պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ սա որակելով որպես պատասխան քայլ Կիևի վարչակարգի շանտաժին։



