ԵՄ անդամ երկրները որոշել են չհանդիպել «Վրացական երազանքի» առաջնորդների հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ Նման որոշում են կայացրել 27 եվրոպացի առաջնորդներ՝ ի պատասխան «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանության, բացատրում է դիվանագետը։
«Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այս տարվա հունիսին մենք մեր անդամ երկրների հետ քննարկել ենք, թե ինչպես մոտենալ Վրաստանի իշխանություններին, որոնք, մեր կարծիքով, անբարյացակամ են Եվրամիության նկատմամբ, ինչպես պայքարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվների եւ քարոզչության դեմ, դավադրության տեսությունների դեմ, եւ մենք որոշել ենք բարձր մակարդակով ոչ մի հանդիպում չանցկացնել Վրաստանի ներկայիս իշխանության հետ։
Ուստի վերջին ամիսներին նման հանդիպումներ չեն եղել ո՛չ Վրաստանում մեր ներկայացուցիչների, ո՛չ էլ Բրյուսելում «Վրացական երազանքի» առաջնորդների հետ»,- ասել է Գերչինսկին։
Միաժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել Վրաստանի ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված ցանկացած կառավարության հետ, որը պատրաստ է անդամակցել ԵՄ-ին, սակայն. «Եթե Վրաստանը դառնա միակուսակցական պետություն, եթե Վրաստանը դառնա երկիր, որտեղ քաղաքական. ընդդիմությունն արգելված է, եթե այն դառնա մի վայր, որտեղ քաղաքացիական հասարակությունը ստիպված կլինի հեռանալ երկրից, եթե չպաշտպանվեն մարդու տարրական իրավունքները, էլ չեմ խոսում փոքրամասնությունների իրավունքների մասին, Վրաստանը չի կարողանա դառնալ Եվրամիության անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը»,- ասել է Պավել Գերչինսկին։