Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված հ...

ՀՀ կառավարությունը հաստատել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագրի արդիականացման և լավարկման փաթեթը: Ըստ այդմ՝ համակարգին կմիանան ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ՝ համապատասխան սարքավորումներով:

Արդյունքում ամբողջական կդառնան տոմսային տնտեսությանը միացած ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանները:

Դեռևս 2023 թվականի նոյեմբերին նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում ներդրվել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագիրը: Համակարգը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ տոմսերի վաճառք, մուտքի հասանելիության վերահսկում և կառավարում:

Ծրագրին միացած է նախարարության ենթակայության 19 թանգարան: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է museumsarmenia.am կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:

Ծրագրի իրականացումը թույլ է տալիս վերահսկել թանգարանների կողմից տոմսերի վաճառքը, թանգարանների եկամուտները և ապահովել հաշվետվողականություն պետության և հանրության առաջ, ինչպես նաև ապահովել  ֆինանսական հոսքերի միասնական հաշվառում, հաշվետվություն: Ծրագիրը թանգարանային համակարգը դարձնում է ավելի արդյունավետ, հաշվետու ու զարգացող:

Միաժամանակ նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարանների տոմսերը հնարավոր է  ձեռք բերել նաև օնլայն: