
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան պարետային ժամ է սահմանել հինգ նահանգներում և ընդլայնել է արտակարգ դրության գործողությունն ութ տարածաշրջաններում՝ դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման դեմ բողոքի ցույցերի պատճառով, որոնք ուղեկցվել են բախումներով:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Էկվադորի նախագահի վարչակազմի հրապարակած հրամանագիրը:
Երկրի հինգ նահանգներում տեղաշարժի ազատության սահմանափակումները կգործեն ժամը 22:00-ից մինչև առավոտյան 05:00-ն։
Սեպտեմբերի 16-ին Նոբոան երկրի մի քանի նահանգներում արտակարգ դրություն էր հայտարարել։
Նախագահի վարչակազմը նաև տարածել է հայտարարություն, ըստ որի այն անձինք, ովքեր «դիմում են ահաբեկչական գործողությունների, ճանապարհների անօրինական արգելափակումների և կազմակերպված բռնության, պատիժ կկրեն օրենքին համապատասխան»:
Սեպտեմբերի 12-ին Նոբոան ստորագրել է դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման մասին որոշում: Դրանից հետո այդ վառելիքի գները 1,8 դոլարից բարձրացել են մինչև 2,8 դոլար մեկ գալոնի դիմաց (3,78 լիտր): Էկվադորի մի քանի նահանգներում Տրանսպորտի ոլորտի աշխատողների միավորումները հայտարարել են գործադուլների մասին։
2019 թվականի հոկտեմբերին Էկվադորում բողոքի ցույցեր և անկարգություններ էին սկսվել, երբ այդ ժամանակվա նախագահ Լենին Մորենոն ստորագրել էր հրամանագիր դիզելային վառելիքի և բենզինի սուբսիդիաների վերացման մասին: Ստեղծված իրավիճակում Մորենոն արտակարգ դրություն էր հայտարարել երկրում: Հետագայում հրամանագիրը չեղյալ էր հայտարարվել: Նոբոայի նախորդի՝ Գիլիերմո Լասոյի օրոք նույնպես ցույցեր են տեղի ունեցել վառելիքի գների բարձրացման պատճառով: