Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հար...

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ–ի կողմից մշակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը  մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկման նպատակն էր պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում տնտեսական ոլորտին առնչվող իրավակարգավորումների մշակման ու քննարկումների գործընթացին մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը։

Նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը, մեկնաբանել վերջինիս առանցքային դրույթները և նշել, որ ակնկալում է կառուցողական և արդյունավետ քննարկում։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու հայտնել տեսակետներ դիտարկվող հարցի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստել գործարար համայնքի կողմից ներկայացված խնդիրների լուծմանը։