Ի՞նչն է պատճառը, որ արցախցիներից 5-ից մեկն է...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննադատել է արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագիրը՝ նշելով, որ պոտենցիալ շահառուների միայն յուրաքանչյուր հինգերորդն է դիմել ծրագրին։ Նա պնդել է, որ կառավարությունը պետք է ուսումնասիրի ցածր դիմելիության պատճառները և վերանայի աջակցության մեխանիզմները։

«Կառավարությունը չպե՞տք է մի հատ անդրադառնար՝ ի՞նչն է պատճառը, որ հինգից մեկն է ընդամենը դիմում։ Այդ հարցն եմ տալիս, որևէ պատասխան չստացանք»,– հայտարարել է պատգամավորը՝ դժգոհելով, որ կառավարության ներկայացուցիչները խուսանավում են են հստակ պատասխաններից։

Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի շահառուների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ բնակարանային ապահովման հարցում մի շարք խնդիրներ կան։ Այն բնակավայրերում, որտեղ աշխատատեղեր կան, բնակարանների գները հաճախ անհասանելի են, իսկ մատչելի բնակարաններ ունեցող վայրերում աշխատանքի հնարավորությունները սահմանափակ են։

Պատգամավորը նաև նշել է, որ փոքր ընտանիքների համար նախատեսված աջակցության գումարը բավարար չէ բնակարան ձեռք բերելու համար։ Նրա գնահատմամբ՝ ծրագրի պայմանները պետք է ամբողջությամբ վերանայվեն, քանի որ ներկայիս մեխանիզմներով հնարավոր չէ լուծել բոլոր շահառուների բնակարանային խնդիրները։ Խաչատրյանն առաջարկել է դիտարկել սոցիալական բնակարանաշինության տարբերակը՝ պետության միջոցներով բնակարաններ կառուցել և շահառուներին հնարավորություն տալ դրանք ձեռք բերել մասնակի վճարումներով։

Նա անդրադարձել է նաև ֆինանսավորման համաձայնագրի պայմաններին՝ հարցեր բարձրացնելով փոփոխական տոկոսադրույքի հաշվարկման և համապատասխան դրույթները համաձայնագրում ու դրա հավելվածում ներկայացնելու վերաբերյալ։

Պատգամավորը կոչ է արել հիմնարար վերանայում իրականացնել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերում՝ ընդգծելով, որ կան խմբեր, որոնք ընդհանրապես ներառված չեն աջակցության գործող մեխանիզմներում։