Մենք շատ ենք ցանկանում վերականգնել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, սակայն դրա համար նրանք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Նրա խոսքով՝ առաջ շարժվելու փոխարեն Վրաստանի իշխանությունները հետընթաց քայլեր են կատարում՝ ընդունելով բազմաթիվ օրենքներ։
«Քանի դեռ Վրաստանի իշխանությունները չեն սկսել շարժվել եվրոպական արժեքների ուղղությամբ, մենք չենք համագործակցի նրանց հետ», — հավելել է ԵՄ ներկայացուցիչը։
Մարտա Կոսը նշել է, որ, չնայած Վրաստանի իշխանությունների հետ համագործակցության բացակայությանը, ԵՄ-ն շարունակում է փոխգործակցել քաղաքացիական հասարակության հետ և աջակցել վրաց ժողովրդին։
Նշենք, որ այսօր Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Հանդիպման օրակարգում ներառված է նաև Վրաստանում տիրող իրավիճակի հարցը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականի ավարտը օրակարգ չի դնի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը։ Այս որոշումից հետո Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերություններում պահպանվում է լարվածությունը։ Վրաստանի իշխանությունները եվրոպական բյուրոկրատիային մեղադրում են եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու մեջ։



