Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավու...

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու Տավուշ գյուղում AMAA ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տավուշի զարգացման ծրագրին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների արժեշղթա, ինչպես նաև ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների և տեղի բնակիչների համար տների կառուցում:

Նախարարի տեղակալին ուղեկցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) Հայաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իջևանի գինու գործարան, որտեղ ներկայացվել են գործարանի արտադրական գործընթացներն ու ծավալները և քննարկվել Տավուշի ծրագրի շրջանակում ներդրողների հետ համագործակցության հնարավորությունները:

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Տավուշ գյուղի հողատարածքներ, ծանոթացել ծրագրի իրականացման ընթացքին, որից հետո հանդիպել է տեղի բնակիչների հետ:

Արման Խոջոյանը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսական ենթակառուցվածքների ստեղծումը կբարելավի բնակիչների կենսապահովման պայմանները և աշխատանքային հմտությունները: