Եկեղեցու վարկանիշն ավելի բարձրանում է, բայց ե...

Եկեղեցու վարկանիշը չեն կարող վնասել, եկեղեցու վարկանիշն ավելի բարձրանում է, բայց եկեղեցին խոցվում է։ Եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին երբեք չի կարող տուժել, բայց եկեղեցու առաքելությունը կարող է տուժել։ Նման դեպքերում եկեղեցին միշտ զորանում է։  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Սրբազան Հայրը վստահ է, որ Փաշինյանին միացած եպիսկոպոսները  ճնշումների տակ են։

«Ի՞նչ է նշանակում մեկ օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո՝ լրիվ այլ։ Նրանց հետ զրուցելու առիթ չեմ ունեցել և չեմ էլ ուզում։ Մայր Աթոռում սնված մարդը չէր կարող նման բան անել»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն այսօր աղանդավորներ է անվանել Վեհափառին և նրա կողմնակից հոգևորականներին՝ Հովնան Սրբազանն արձագանքեց՝ նշելով, որ այդ մարդը վաղուց դադարել է բանական մտածելուց, ինքը վերջնահաշվարկ է արել առողջ մտածելակերպի հետ։

«Այդ մարդու ասածներին ինչպե՞ս կարելի է գնահատական տալ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:

Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեեւ աջակցում է նրանց։