«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով առաջարկվում է կառույցին հասանելիություն տալ օրենքով սահմանված գաղտնիքներին և անհատական տվյալներին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե որքանով է նպատակահարմար հաշվեքննիչ պալատին բժշկական գաղտնի տեղեկատվության տրամադրումը․ «Եկեք առողջապահության համակարգում աշխատող տասնյակ հազարավոր անձանց ապրիորի գող ու ավազակ չհամարենք․ դա առնվազն հարգալից չէ նրանց նկատմամբ»,- ասել է Թորոսյանը՝ կոչ անելով բժիշկներին չվերաբերվել որպես հանրային միջոցները գողանալու համար գործուղվածների. «Եթե մեկ–երկու կամ տասը նման մարդ կա, չի կարելի դա վերագրել ամբողջ ոլորտին»։
Թորոսյանն ասել է, որ պետք չէ գործառույթների առումով խառնել գերատեսչությունները․ «Կարծում եմ՝ կան գերատեսչություններ, որոնք ինչ-որ չափով, նաև մասնագիտական բերումով, նաև՝ որպես ծառայությունների պատվիրատու, առողջապահության նախարարությունը, առողջապահության պետական գործակալությունը, մի քիչ այլ տեսակի հասանելիություն պետք է ունենան այդ տվյալներին։ Բայց այդ տրամաբանությամբ բոլոր պետական գերատեսչությունները, որ գնում են ծառայություններ տարատեսակ հաստատություններից, չեն զբաղվում դրանց վերահսկողությամբ, և միայն հաշվեքննիչ պալատը պետք է զբաղվի»։
Ըստ Թորոսյանի՝ բոլոր վերահսկող մարմինները ցանկանում են հասանելիություն ունենալ բժշկական գաղտնիքին. «Վստահ եմ՝ ՊԵԿ-ն էլ է ուզում ունենալ, որովհետև հարկեր թաքցնելու խնդիր կա, բոլորն ուզում են։ Ես էլ եմ ուզում, որպես պատգամավոր, ունենալ նման հասանելիություն, հետևել՝ հանրային միջոցները լավ են ծախսում, թե չէ։ Ասենք, Թորոսյան Արոսենի վրա ինչքան դեղ են դուրս գրել թիվ 5 պոլիկլինիկայում։ Ես կարծում եմ՝ ողջամտության սահմանը պետք է պահել»,- նշել է նա՝ կոչ անելով չբացարձականացնել ամեն ինչ և չասել, որ այն մարմինը, որ պատվիրատուն է, ոչինչ չի անում, և միայն պարբերաբար անցկացվող հաշվեքննություններ են պետք։
Նա շեշտել է, որ անընդունելի է բժշկական գաղտնիքին վերաբերել այն տեսանկյունից, թե ով է վճարել ծառայության համար. «Բժշկական գաղտնիքը մարդու արժանապատվության մի մասն է»։



